13 մայիսի 2026 - 17:14 AMT
Ըստ Ծառուկյանի՝ Կոտայքում 52 պարեկի են ազատել իր հետ առնչության համար․ ՆԳՆ-ն հերքել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից հեռացրել՝ նրանց հարազատների ԲՀԿ համակիր կամ իր աշխատակիցը լինելու համար, հայտնում է Sputnik Արմենիան:

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել է այդ հայտարարությունը։

«Նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ծառուկյանն ասել էր․ «Մարդը քննություն էլ է հանձնել, ատեստացիա էլ անցել, բայց գործից հանել են, որ, օրինակ, մեկի հերն իմ աշխատողն է, մեկի աները, եղբայրն իմ կողմնակիցն է»:

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։