13 մայիսի 2026 - 18:03 AMT
Պապոյան. Ծիրանի և «Ջերմուկի» ՌԴ արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի

Ռուսական շուկա ծիրանի և «Ջերմուկ» հանքային ջրի արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արագածոտնի մարզի Ապարան կատարած նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

«Ծիրանի արտահանման խնդիր չկա և չի կարող լինել։ Այն ազատորեն գնում և գնալու է ռուսական և ԵԱՏՄ շուկա»,– ասել է Պապոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ծիրանի մատակարարման սեզոնը դեռ չի մեկնարկել, սակայն, Պապոյանի խոսքով, ռուսական շուկայում առկա իրավիճակը կարելի է գնահատել կոնյակի և կոնյակի սպիրտի արտահանման դինամիկայով։ Այդ համատեքստում նա վստահեցրել է, որ ներկայումս կոնյակի արտահանման ծավալներն ավելի մեծ են, քան նախորդ տարի։ Նա նաև պնդել է, որ խաղողի մթերման խնդիր չի առաջանա, իսկ մրգերն ու ջերմոցային ամբողջ արտադրանքը շարունակելու են արտահանվել ԵԱՏՄ շուկա։

Ինչ վերաբերում է «Ջերմուկ» հանքային ջրի արտահանմանը, ապա էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ այն ծավալը, որի հետ խնդիր է առաջացել, հետագայում տասնապատիկ ավելի մեծ ծավալներով արտահանվել է։

«Օրինակ` ասում եք 300,000 շիշ, դա նշանակում է, որ ՀՀ չափահաս բնակչության 15%-ը օրական 1 շիշ է խմում։ Ընդամենը այդքանն է։ Խնդիր չկա, մենք միլիոններով արտահանում ենք»,– վստահեցրել է Պապոյանը։

ՌԴ «Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել էր Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Որոշումը կայացվել էր ստուգման արդյունքների հիման վրա, քանի որ նմուշներում հայտնաբերվել էին պարտադիր պահանջների խախտումներ։