
2026 թվականի մայիսի 11-ին և 12-ին Երևան կատարած երկօրյա այցից հետո Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հայտարարել է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։
Պատվիրակությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթի վերաբերյալ։ Նշվել է, որ արտաքին միջամտությունն արդեն գերազանցել է ավանդական ապատեղեկատվության շրջանակը՝ ներառելով անօրինական քաղաքական ֆինանսավորում, կիբերհարձակումներ, տնտեսական ճնշումներ և ընտրական գործընթացը մանիպուլացնելու ուղղակի փորձեր։ Ըստ հաղորդագրության՝ այս հիբրիդային մարտավարության նպատակը ոչ միայն հասարակական կարծիքի վրա ազդելն է, այլև Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ աշխարհաքաղաքական լծակների ապահովումը, հայտնում է Factor.am-ը:
Պատվիրակությանը նաև տեղեկացվել է ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղղված անմիջական խնդրանքների մասին՝ Ռուսաստանում բնակվող հայկական սփյուռքի քվեարկությունը հեշտացնելու, ինչպես նաև հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից այդ սփյուռքային հատվածին ֆինանսական խրախուսանքներ տրամադրելու վերաբերյալ՝ Հայաստան գալու և ընտրության օրը մասնակցելու նպատակով։
ԵԽԽՎ պատվիրակությունն ընդգծել է, որ նման միջամտությունը շարունակական սպառնալիք է և տարածվում է ընտրական շրջանից շատ ավելի հեռու։ Միաժամանակ նշվել է նաև որոշ արևմտյան գործընկերների կողմից իշխող քաղաքական ուժին ցուցաբերված հռչակագրային աջակցությունը։
Պատվիրակությունը դրական է գնահատել Հայաստանի իրավական և կարգավորող մեխանիզմները՝ ազդեցությունների դեմ պայքարելու տեսանկյունից, սակայն ընդգծել է ինստիտուցիոնալ կարողությունների անհապաղ ամրապնդման, միջգերատեսչական համակարգման բարելավման և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության բարձրացման անհրաժեշտությունը։
Նշվել է նաև, որ պատվիրակությունը մտահոգված է մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ ապատեղեկատվության ակտիվացմամբ։ «Օտարերկրյա գործակալ» լինելու մեղադրանքները, ըստ պատվիրակության, վնասում են հանրային վստահությանը և սահմանափակում քաղաքացիական տարածքը։
Պատվիրակությունը տեղեկություններ է ստացել նաև սոցիալական ցանցերում համակարգված կեղծ և մանիպուլյատիվ բովանդակության տարածման, ինչպես նաև լրագրողների, քաղաքացիական հասարակության և ընտրությունների դիտորդների նկատմամբ իրավական ճնշումների, այդ թվում՝ SLAPP հայցերի կիրառման մասին։ Ըստ պատվիրակության՝ նման գործելակերպը կարող է վնասել խոսքի ազատությանը և խոչընդոտել ժողովրդավարական մասնակցությանը։
Մտահոգությունների շարքում նշվել են նաև քաղաքական բևեռացման աճը, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային ցածր վստահությունը և հատկապես երիտասարդների շրջանում քաղաքականության նկատմամբ հետաքրքրության պակասը։ Պատվիրակությունը լսել է նաև վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների նկատմամբ ճնշումների, չկարգավորվող երրորդ կողմի քարոզչության և ընտրակաշառքի մասին մեղադրանքներ, որոնք երբեմն ներկայացվել են որպես բարեգործություն։
ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է նաև Հայ Առաքելական եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում և կարևորել ընտրարշավների ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ հատկապես վերջին օրենսդրական փոփոխությունների ֆոնին։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահի, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ԿԸՀ անդամների, պետական գերատեսչությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը բարձր է գնահատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը՝ կիբերանվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Ընտրություններից առաջ ԵԽԽՎ պատվիրակությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ուժեղացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու միջոցները և ապահովել հավասար պայմաններ բոլոր քաղաքական դերակատարների համար։
ԵԽԽՎ-ն լիարժեք դիտորդական առաքելություն կուղարկի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները դիտարկելու նպատակով՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի դիտորդների հետ համատեղ։