13 մայիսի 2026 - 18:46 AMT
Իոաննիսյան․ Ապարանում դասերի ժամին աշակերտների մասնակցությունը ՔՊ քարոզարշավին առերևույթ խախտում է

Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների և աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցելը առերևույթ կարող է խախտել Ընտրական օրենսգրքի 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները, գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Անկախ դիտորդ - Independent Observer դաշինքում դիտարկում ենք նշված դեպքով դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածով վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը»,- գրել է նա։

Իոաննիսյանը հավելել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայումս փաստեր չունի այն մասին, թե դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ։ Նրա խոսքով՝ եթե նման փաստեր ի հայտ գան, տեղի ունեցածը կարող է պարունակել արդեն Քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ։

«Հետևաբար, եթե որևէ մեկը փաստեր տրամադրի այդ դպրոցների դասատուներին կամ աշակերտներին պարտադրելու վերաբերյալ, «Իրազեկ քաղաքացիների միավորումից» մինչև կես միլիոն դրամ պարգև կստանա»,-գրել է նա:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։