14 մայիսի 2026 - 18:52 AMT
Մարուքյան․ Միակ ուժն ենք, որ պնդում ենք, որ խաղաղության պայմանագրի նախագիծը չի կարելի այդ տեքստով ստորագրել

Առանց քարտեզի չենք ստորագրի ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քարոզարշավի ժամանակ:

«Մենք, որքանով որ գիտեմ, միակ ուժն ենք, որ պնդում ենք, որ խաղաղության պայմանագրի այդ նախաստորագրված նախագիծը չի կարելի այդ տեքստով ստորագրել, բերել վավերացման, որովհետև այնտեղ կետեր կան, որոնք որ մեր երկիրը կդարձնեն հաշմանդամ երկիր»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:

Նա հավելել է, որ այդ կետերը պետք է փոխել և վերաբանակցել։

«Ես դրա տեղը գիտեմ, ձևը գիտեմ, այդ մասով կոմպետենցիա ունեմ, մնացած մասերով՝ այլ ուժեր կոմպետենցիաներ ունեն, իրենք էլ իրենց մասերով իրենց ներդրումը կունենան։ Այսինքն՝ ես չեմ ուզում հիմա միանձնյա ասել, թե ինչ կլինի, բայց այն, որ հաստատ ավելի լավ տարբերակ կունենանք բանակցած, դրանում կասկած չունեմ։ Դրա հնարավորությունը կար, դրա հնարավորությունը հիմա էլ կա և դա չի էլ բացառել նաև Նիկոլ Փաշինյանն իր լայվում։ Մի հատ լայվ էր արել, ասեց որ ուզում են բանակցված բովանդակությունը փոխեն և մի տարբերակ կա, որ կարա լավ լինի, բայց ուրիշ երկու տարբերակ կա, որ կարա վատ լինի։ Այդ մի տարբերակը ես ու ինքը գիտենք, որ կա, բայց ինքը չի արել»,- մանրամասնել է ԼՀԿ նախագահը։

Մարուքյանը նորից շեշտել է, որ խաղաղության նախաստորագրված պայմանագրում կան կետեր, որոնք պետք է հանվեն։

«Առաջինը՝ Հայաստան-Ադրբեջան հարակից սահմանային շրջաններում երրորդ ուժերի բացառման սկզբունքը, երկրորդը՝ անհայտ կորածների վերաբերյալ։ Հայաստանը չպետք է մտնի մի այնպիսի պարտավորության տակ, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանում քրեական գործեր հարուցվեն վերջին 38 տարվա ընթացքում պատերազմների մասնակից մարդկանց գործունեության վրա և սկսի նախաքննություններ իրականացնել։

Երրորդը՝ այդ փաստաթուղթը ես կյանքում չեմ ստորագրի, եթե դրա տակ չլինի քարտեզ, որով Ադրբեջանը մեզ ճանաչում է։ Այս իշխանությունն առանց քարտեզի դա ստորագրել է։ Ընդդիմադիր ուժերը, որոնք որ մասնակցում են հիմա, ասում են, որ իրենք էլ կստորագրեն։ Մենք ասում ենք, որ առանց քարտեզի այդ փաստաթուղթը չենք ստորագրի»,- ասել է ԼՀԿ նախագահը։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։