25 հունիսի 2009 - 17:34 AMT
Տիգրան Սարգսյանը եւ Միխայիլ Սահակաշվիլին քննարկել են տնտեսական կապերի ամրապնդման հարցերը
Հայաստանի վարչապետ Տիգրան Սագսյանը եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման հարցերը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման, զբոսաշրջության, կրթամշակութային կապերին առնչվող հարցեր եւ դրանց զարգացման հեռանկարներ:

Կողմերը նշել են, որ տնտեսական համագործակցության խորացումը, համատեղ նախաձեռնությունների իրականացումը կնպաստեն երկու հարեւան երկրների տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների նվազեցմանը:

ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը, որը մեր երկրի տնտեսության համար կարեւոր նշանակություն ունի, բեռնափոխադրումների իրականացմանը, մաքսային մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: