
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումները, որոնք ուղղված են Եվրամիության հետ մերձեցման, տանում են հասարակական պառակտման երկրի ներսում։
Նրա խոսքով՝ միասնականության կորուստը ժամանակին բարդություններ է առաջացրել Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում, որոնք կարծում էին, որ ավելի երջանիկ կլինեն Եվրամիությունում, բայց կյանքը ցույց տվեց հակառակը, հայտնում է Sputnik Արմենիան:
Վոլոդինը հավելել է, որ դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45․4 տոկոսով, և այդ բացասական միտումը պահպանվում է, իսկ Հայաստանում աշխատող, այնտեղ գործարարությամբ զբաղվող Ռուսաստանի քաղաքացիները սկսել են կրճատել իրենց բիզնեսը։
ՌԴ Պետդումայի նախագահը նաև ներկայացրել է փորձագետների գնահատականը, համաձայն որի՝ Հայաստանի հնարավոր դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է երկրի համար հանգեցնել ՀՆԱ-ի 15-20 տոկոսի կորստի, ինչը կազմում է առնվազն 5 միլիարդ դոլար։
«Կորուստներն ավելի մեծ են լինելու։ Եվ դրանցից ոչ բոլորն են կապված ֆինանսների հետ։ Արդեն տեսնում ենք պատմությունը վերաշարադրելու, ազգային և ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին պարտադրվում են արևմտյան լիբերալ արժեքներ, ընթանում է եկեղեցու նկատմամբ ճնշում», — ասել է նա։
Վոլոդինի կարծիքով՝ երկրի զարգացման ուղու ընտրությունը նախ և առաջ պետք է հիմնված լինի ժողովրդի կամքի վրա։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները: Լավրովը շեշտել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները քննարկվելու են մայիսի վերջին Ղազախստանում նախատեսված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում։ Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարող մասնակցել այդ հանդիպմանը։