16 մայիսի 2026 - 13:20 AMT
Փաշինյանը՝ մրցակիցների մասին․ «Երազելու են ՀՀ-ից փախչելու մասին, բայց չեն ունենալու այդ հնարավորությունը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրում ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ կրկին իր ելույթը կառուցել է՝ նախկիններին հիշելով, նշելով, որ «3-գլխանի մաֆիայի» դեմ են պայքարում։

«Նրանք ՀՀ-ի համը զգալու են դեռ շատ երկար, պետության համը նրանց բերանում դեռ երկար է մնալու։ Նրանք երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չեն ունենալու այդ հնարավորությունը»,-ասել է նա, հայտնում է Aravot.am-ը:

Նա ասել է, որ նրանց գրպաններից կտրել են գումարների հոսքերը և ուղղել ՀՀ բյուջե: Այնուհետև նա անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի անվանումներին:

«Նրանք իրենց քաղաքական ուժերի անվան մեջ դրել են Հայաստան անունը։ Նրանք արժանի չեն Հայաստան անունն ունենալ իրենց ուժերի անուններում։ 2026-ի հունիսի 7-ին Հայաստան անունը պետք է վերադարձնեք։ Հայաստանը ձեր անունն է, մեր անունն է, նրանք որևէ կապ չունեն Հայաստանի և Հայաստան անվան հետ»,-ասել է նա:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։