16 մայիսի 2026 - 13:31 AMT
Կարապետյանը՝ Գավառում․ Պետք է ընտրենք առաջնորդ, ով փոփոխություններ բերելու մեծ փորձ ունի

Պետք է ընտրել առաջնորդ, ով փոփոխություններ բերելու մեծ փորձ ունի, որպեսզի օրերից մի օր «Գավառը նորից դառնա բրենդ», հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի մանրամասները։

«Վերջին 8 տարիների ընթացքում Գեղարքունիքում աղքատությունն աճել է, կարտոֆիլի, ցորենի ցանքատարածությունները 30-35 տոկոս անկում են ապրել, գործարանները փակվել են, իսկ մարդկանց ձուկ չեն թույլատրում բռնել»,- նշել է Կարապետյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նա հավելել է,որ պետք է լինեն աշխատատեղեր, որպեսզի այստեղ մարդիկ իրենց կյանքը գեղեցիկ կառուցեն։

«Ամբողջ Սևանի տարածաշրջանում ստեղծվելու են ձկնաբուծարաններ, և Սևանա լիճը դառնալու է մեծ ձկնաբուծարան, մարդկանց հնարավորություն է տրվելու որս կատարել լճից և այն վաճառել այստեղ գտնվող գործարաններում»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։