16 մայիսի 2026 - 13:59 AMT
Սարգսյանը` սոցհարցումների մասին. Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ, եզակի դեպք է

Հայաստանում սոցիոլոգիան պատվիրովի է, հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը՝ խոսելով սոցհարցումների մասին:

«Գիտե՞ք, ընդհանրապես շանսերը գնահատում են հարցումները, դրանք պիտի այդ ամեն ինչի իրական ու ճիշտ պատասխանը տան: Բայց Հայաստանում սոցիոլոգիան պատվիրովի է ու այսօր կարող եմ ասել այն եզակի դեպքը, որ Սամվել Կարապետյանի հետ համաձայն եմ, եթե ինքը համապատասխան վճար վճարի, հինգ օր հետո կստանա այնքան քվե, ինչքան որ վճարել է»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ սոցիոլոգիան հիմնականում տեխնոլոգիա է մարդկանց ուղղորդելու առումով:

«Հայաստանում, ցավոք սրտի, այդ մակարդակի վրա է: Այս առումով պիտի ասեմ, որ մենք ակնկալում ենք և ոչ միայն ակնկալում ենք, հստակ է, որ 2021-ի տվյալներից բավականին ավելի լավ տվյալներ մենք կունենանք: 2021-ին մենք հավաքել էինք 3․3 տոկոս, հիմա անցողիկ շեմը 4 տոկոս է»,-նշել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։