16 մայիսի 2026 - 14:38 AMT
«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ` պնդելով, որ վերջինը զրպարտություն է տարածել մայիսի 3–ի լուրերի ժամանակ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել Datalex դատական տեղեկատվական համակարգում։

«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին` հրապարակայնորեն հերքել «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները»,– ասված է ներկայացված հայցում, գրում է Sputnik Արմենիան:

Ըստ ներկայացված պահանջի՝ «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» վերնագրի ներքո պետք է հրապարակվի հերքման տեքստ։

Հայցում նշվել է, որ հերքման տեքստը պետք է բովանդակի հետևյալ ձևակերպումը․ «2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»։

Հայցը դատարան է ներկայացվել մայիսի 15-ին, իսկ գործը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև հունիսի 5-ը ներառյալ։