18 մայիսի 2026 - 16:49 AMT
ԱՊՀ դիտորդները կաշխատեն ՀՀ բոլոր մարզերում, բացի Սյունիքից

ԱՊՀ դիտորդական առաքելությունն արդեն սկսել է Հայաստանում նախընտրական գործընթացի դիտարկման աշխատանքները։ Այսօր տեղի է ունեցել նաև ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի հանդիպումը ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։ Քննարկվել են ընտրարշավի ընթացքն ու առաքելության գործունեության կազմակերպման հարցերը։

Հանդիպումից հետո Սեյտիմովը լրագրողներին հայտնել է, որ ակնկալվում է մոտ 120 դիտորդի ժամանում ԱՊՀ երկրներից։ Նա նշել է, որ դիտորդները կաշխատեն բոլոր մարզերում՝ բացառությամբ Սյունիքի։ Նրա խոսքով՝ պատճառը լոգիստիկ և տեխնիկական խնդիրներն են, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ դիտորդների հիմնական մասը Հայաստան կժամանի ընտրություններից 2-4 օր առաջ, իսկ ներկայում մշտական հիմունքներով աշխատում է 8 դիտորդ։

Սեյտիմովը նշել է, որ առաքելության հիմնական նպատակը կազմակերպչական և տեխնիկական հարցերի դիտարկումն է։ Այդ շրջանակում նախատեսվում են այցեր մարզեր, հանդիպումներ ընտրական հանձնաժողովների և քաղաքական ուժերի շտաբների ներկայացուցիչների հետ։

«ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքի գլխավոր սկզբունքը քաղաքական չեզոքության, ընտրական գործընթացին, պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքն է։ Մեր գնահատականները հիմնված կլինեն պաշտոնական տեղեկատվության վրա, որը մեզ կտան պետական մարմինները, ընտրական հանձնաժողովները և, իհարկե, հաշվի կառնենք մեր սեփական դիտարկումները»,- նշել է Սեյտիմովը։

Նա նաև տեղեկացրել է, որ առաքելության կազմում ընդգրկված են ինչպես ԱՊՀ անդամ պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը հայտարարել է, որ առաքելության խումբն արդեն սկսել է մեկնել մարզեր՝ տեղում ծանոթանալու քվեարկության օրվա նախապատրաստական աշխատանքներին։

«Մեզ համար ամենակարևոր օրը, իհարկե, քվեարկության օրն է, այցելությունն անմիջապես տեղամասային կենտրոններ, որտեղ տեղի է ունենում քվեարկության ընթացակարգը, որպեսզի մենք կարողանանք հետևել` արդյոք այդ ընթացակարգը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, արդյոք ամեն ինչ կարգին է հենց քվեարկության ընթացակարգում»,– ասել է Կոզյակը։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։