18 մայիսի 2026 - 17:28 AMT
Արամ Ա-ն Հռոմի պապի հետ խոսել է հայ գերիների, արցախահայերի իրավունքների մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկանում Հռոմի պապ Լեոն XIV հետ հանդիպմանը խոսել է հայ գերիների մասին, շեշտել արցախահայության վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխավորության պայմաններում, ասվում է կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում:

Նա անդրադարձել է նաև հայկական եկեղեցիների և պատմական կոթողների պահպանության հարցին՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի միջազգային օրենքներին համապատասխան։

«Անդրադառնալով Արցախի հարցին՝ Վեհափառ Հայրապետը շեշտել է Արցախի հայության վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխավորությամբ, եկեղեցիների և պատմական կոթողների պահպանումը՝ միջազգային օրենքին համաձայն և Բաքվում կալանավորված Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։