
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Արաբկիր վարչական շրջանում, հարցեր է ուղղել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, սակայն Փաշինյանը կրկնել է իր նախկինում հնչեցրած տեսակետը, ըստ որի՝ «Ղարաբաղի հարցը թակարդ է եղել»։
«Ես հպարտ եմ, որ Հայաստանն այդ թակարդից հանել եմ»,- հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:
Վարչապետը նաև ասել է, որ չի ընդունում Անկախության հռչակագիրը. «Կոնֆլիկտի հռչակագիր է, չեմ ընդունում»։
Արթուր Օսիպյանը Փաշինյանին մեղադրել է Արցախում կոռուպցիոն երևույթներին աջակցելու մեջ։
«Արայիկի (նկատի ունի Արցախի նախկին նախագահին-հեղ.) միջոցով փողեր եք բաժանել»,- ասել է նա։
Դրանից հետո Փաշինյանը կոշտ արձագանքել է և ասել․ «Ռադդ քաշի, համբալի մեկը»։
Մայիսի 18-ին Արաբկիրում անցկացվող քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրել էր նրան «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»։
Դրանից հետո Փաշինյանը կոշտ արձագանքել էր․ «Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ ենք կզացնելու, կալուգացուն էլ ենք կզացնելու, Գագոյին էլ ենք կզացնելու, Սերժին էլ ենք կզացնելու»։ Վարչապետը նաև ասել էր, որ «սատկացնելու է» իր թվարկած անձանց։