18 մայիսի 2026 - 18:50 AMT
Բեգլարյան. Սպառնալիքներով տեսանյութը իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է

Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ են հնչում արցախյան բարբառով՝ այն որակելով «իշխանությունների կազմակերպած բեմադրություն»։

«Այսօրվա ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է, որպեսզի Փաշինյանն ատելության ու բռնաճնշումների նոր չափաբաժին ապահովի արցախցիների և ընդդիմադիրների հանդեպ: Եվ Փաշինյանի ու նրա խմբակի օպերատիվ ու ատելությամբ լեցուն արձագանքները չուշացան:

Վստահ եմ, որ այս ահաբեկչական սադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ Փաշինյանին իբր զոհ ներկայացնելու, ժողովրդի վախերի վրա խաղալու և արցախցիներին լրացուցիչ թիրախավորելու համար»,- նշել է Բեգլարյանը։

ՔԿ-ն հայտնել է, որ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ, որի առնչությամբ քրվարույթ է հարուցվել մի խումբ անձանց դեմ: