19 մայիսի 2026 - 16:43 AMT
The Insider. Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատավայր նշված է եղել «ՖՍԲ»-ի տեղեկատվական կենտրոնը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատավայր նշված է եղել «ՖՍԲ»-ի տեղեկատվական կենտրոնը, հայտնում է ռուսական The Insider պարբերականը:

«1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»,- ասվում է հրապարակման մեջ, հայտնում է Factor.am-ը:

Նշվում է, որ ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը խմբագրությանը պարզաբանել է՝ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։ Ըստ նույն աղբյուրի՝ սովորաբար այսպես նշվում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիները կամ ոչ հրապարակային տեղեկատուները։

Հետաքննության հեղինակը նաև մեջբերել է Կարապետյանի մերձավոր շրջապատին ծանոթ աղբյուրի խոսքերը, ըստ որոնց՝ «Սամվելը երբեք քաղաքականության մեջ քիթը չի խոթել», սակայն «երբեք չէր մերժում Կրեմլին ֆինանսական նուրբ խնդրանքներում»։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ վերջին շրջանում նրան «ուժեղ ճնշել են»՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ձևավորելու համար։

The Insider-ի հրապարակման մեջ Կարապետյանը ներկայացվել է որպես այն գործիչներից մեկը, որոնց միջոցով, ըստ պարբերականի, Մոսկվան փորձում է պահպանել ազդեցությունը Հայաստանում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։