
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Ախուրյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:
«Այս մարդը ցույց տվեց իր կեցվածքով, որ ակնհայտ, առերևույթ, հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի»,- ասել է, հայտնում է Panorama.am-ը:
Նա հարցադրում է արել՝ «ինչպիսի՞ն պետք է լինի ընտանիքի հայրը՝ հավասարակշռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքն անող, թե՞ հիստերիկ, լաչառ, կարծիքը մեկ շաբաթում 10 անգամ փոխող, ստախոս, հարբեցող»։
«Ի՞նչ կընտրեք ձեր ընտանիքի համար, ձեր սիրած մոդելը ո՞րը կլինի։ Համարեք, որ երկիրը մեր մեծ ընտանիքն է, ունենք մի մարդ, որ ամբողջությամբ համապատասխանում է երկրորդ տարբերակին՝ հիստերիկ, գժական գնացող։ Հորդորս հետևյալն է՝ համարենք մեր երկիրը մեծ ընտանիք և այդ ընտանիքի տիրոջից է մեծապես կախված, թե այս երկիրը հանգի՞ստ է լինելու, թե ոչ, պատերա՞զմ է լինելու, թե խաղաղություն»,-ասել է նա:
Քոչարյանը հավելել է,որ երկրորդ անգամ սխալվելու տեղ չունենք՝ « թիկունք չի մնացել»:
Նա ընդգծել է, որ մեկ սխալի գինը եղել են «հսկայական հողեր, 150 հազար փախստական, Արցախի կորուստը և 5000 զոհը»:
«Հիմա թիկունք չի մնացել, հերթական սխալը լինելու է՝ Սյունիք, լինելու է արևմտյան Ադրբեջան, միգուցե մզկիթների կառուցում Հայաստանի տարածքում։ Ուզո՞ւմ ենք մենք սա։ Չեմ կարծում, որ ուզում ենք, ուրեմն այս անգամ սխալվելու ուղղակի տեղ չունենք»,-ասել է նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ուղղված արցախցիներին, մասնավորապես՝ «Հայաստան փախնելու» մասին՝ Քոչարյանն ասել է. «9 ամիս տոտալ բլոկադայի մեջ գտնված մարդկանց Հայաստան գալը անվանում է «փախուստ», «թռել եք» և այլն, և այլն»։
Նա հավելել է, որ դահլիճում ներկաների մեծ մասի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից:
«Ուղղակի ձեր հարազատներին, նախնիներին, պապերին ասել են՝ թռած, փախած, հայրենիքը հանձնած։ Հայաստանի բնակչության մի զգալի մասը նման պատմություն ունի, ողբերգական պատմություն։ Ձեր բոլորի պապերին, տատերին ասել են փախած, թռած, այսինքն՝ պետք է այնտեղ մնային, կրոնը փոխեին, թո՞ւրք դառնային, լեզուն մոռանային կամ մահանային։
Սա նույնն է։
Եվ սա իրեն հա՞յ է համարոմ, մա՞րդ է համարում։ Չգիտեմ՝ ինքն իրեն ինչ է համարում։ Հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է ցույց տա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ մարդը, որ մեր ժողովրդի 70 տոկոսին վիրավորեց»,-ասել է նա:
Ըստ Քոչարյանի՝ իրավիճակը փոխելու համար հունիսի 7-ին պետք է մի «լավ ապտակել» նրան:
«Ապտակել ստահակին, սրիկային, որը համարձակվել է վիրավորել մեր ժողովրդի մեծամասնությանը»,-ասել է Քոչարյանը:
Մայիսի 18-ին Արաբկիրում անցկացվող քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրել էր նրան «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»։
Դրանից հետո Փաշինյանը կոշտ արձագանքել էր․ «Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ ենք կզացնելու, կալուգացուն էլ ենք կզացնելու, Գագոյին էլ ենք կզացնելու, Սերժին էլ ենք կզացնելու»։ Վարչապետը նաև ասել էր, որ «սատկացնելու է» իր թվարկած անձանց։