
Հնարավոր է ողջամիտ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում անցկացված նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Համոզված եմ, որ հնարավոր է նրանց վերադարձը, համոզված եմ նաև, որ այս իշխանություններն այդ հարցով չեն զբաղվում. ասում են` սա նուրբ թեմա է, այս մասին եկեք չխոսենք, մենք դրանով զբաղվենք լռությամբ։ Մինչդեռ իշխանություններն ուզում են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնա Բաքվի բանտերում, որպեսզի հեղիակություն ունեցող մարդիկ չհայտնվեն այստեղ և չփորձեն միավորել արտագաղթած մարդկանց ինչ–ինչ նպատակների համար»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Ըստ Քոչարյանի` «ամոթալի էր, որ Վաշինգտոնում խաղաղություն կոչված այդ նախագիծը ստորագրելիս գերիների թեման չբարձրաձայնեցին, մինչդեռ դա որպես նախապայման պետք է դնեին»։
«Ես միշտ իմ խոսքի տերն եմ եղել. ես չեմ կարող ասել, որ 3–5 ամսում դա հնարավոր կլինի, սակայն այդ հարցը ողջամիտ ժամկետներում կարող է իր լուծումը ստանալ։ Ես այդ հնարավորությունը տեսնում եմ»,– վստահեցրել է նա։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքով՝ գերիների հարցը դառնալու է իրենց կողմից հետագա խաղաղության պայմանագրի ստորագրման և բանակցային գործընթացի մի մասը։
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև հունիսի 5-ը ներառյալ։