
Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում «քննարկում կլինի ԵԱՏՄ-ում ՀՀ կարգավիճակի վերաբերյալ», հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նա հավելել է, որ Հայաստանի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցը «շատ բարդ» է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է։ Մենք չենք ցանկանում, որպեսզի Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից, մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը շարունակի բարգավաճել, սակայն տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին միանալու կամ նրա հետ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն ի հայտ են գալիս», - նշել է նա։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության 11 տարիների ընթացքում երկրում աճել են կենսամակարդակն ու ՀՆԱ-ն։
«Այս ամենը մեծապես տեղի է ունենում այն տնտեսական արտոնությունների շնորհիվ, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին մասնակցությունը։ Ոչ ոք չի կարող դա փոխարինել Հայաստանի համար», - ասել է նա։
Օվերչուկը նշել է, որ տնտեսական և քաղաքական հարցերը չափազանց սերտորեն միահյուսված են:
«Այս ամենը համընկել է Հայաստանում այսօր ընթացող նախընտրական արշավի հետ։ Այնտեղ կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանման օգտին։ Կան նաև ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել դեպի Եվրոպական միություն։ Իհարկե, մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել Եվրասիական տնտեսական միությունում», - ընդգծել է նա։
Օվերչուկը շեշտել է,որ իրենք հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին:
«Փաստացի, հենց Ռուսաստանի ջանքերն են ի սկզբանե հանգեցրել նրան, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են բնականոն հարաբերություններ։ Մենք գիտենք, որ արդեն ընթանում է պատվիրակությունների փոխանակում, սկսվել է առևտուրը երկու երկրների միջև։ Սա լիովին բնական գործընթաց է, և այն չի կարող մեզ չուրախացնել։ Տեղի է ունեցել Հայաստանի մասնակի տրանսպորտային ապաշրջափակում։ Այսօր ռուսական հացահատիկը, ռուսական պարարտանյութերը երկաթուղով՝ Ադրբեջանով և Վրաստանով, հասնում են Հայաստան։ Ռուսաստանը նույնպես մասնակցում է ապաշրջափակման գործընթացին։ Այս ամենը ամրապնդում է Հայաստանը։ Սակայն միաժամանակ մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրոպական միության հետ մերձեցման օգտին։ Այնտեղ անցյալ տարվա ապրիլին ընդունվել է օրենք։ Այդ օրենքը միանշանակ ցույց է տալիս Եվրամիությանը միանալու ձգտումը»,-ասել է նա:
Նա նշել է, որ հայերը պետք է «հասկանան նման ընտրության հետևանքները»:
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում՝ ռազմականացվում է Ռուսաստանի դեմ և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները», - նշել է նա։
ՌԴ փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում, որպեսզի Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որոնք ներկայում ունի։
«Հայերը մեզ համար հարազատ ժողովուրդ են, և մեզ համար միևնույն չէ, թե ինչպես են նրանք ապրում և ինչ վիճակում կլինի Հայաստանի տնտեսությունը։ Ընդհակառակը, մենք ամեն կերպ նպաստում ենք, որպեսզի այնտեղ տնտեսությունը ծաղկի։ Սակայն եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, ապա, իհարկե, մեզ մոտ հարց է առաջանում։ Իսկ ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրներին, ապա ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք։ Համաձայնեք, մի բան է, երբ Հայաստանը գտնվում է մեր միությունում, և բոլորովին այլ բան, երբ Հայաստանը գնում է դեպի մեզ ոչ բարեկամական երկրների միության հետ մերձեցում։ Մենք լսում ենք հայկական կողմից, որ նրանք ձգտում են դեպի ԵՄ և անցնում են նրանց չափանիշներին, սակայն միևնույն ժամանակ ցանկանում են առայժմ մնալ ԵԱՏՄ-ում և օգտվել բոլոր այն տնտեսական արտոնություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին մասնակցությունը։
Ավելի լավ կլինի, եթե Հայաստանում հնարավորինս շուտ կողմնորոշվեն, այդպես ավելի ազնիվ կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, այս անորոշությունը տնտեսական օպերատորներին ստիպում է սպասողական դիրք զբաղեցնել և խանգարում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների կառուցմանը։ Սակայն, կրկնում եմ, մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, իսկ ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է», - ասել է ՌԴ փոխվարչապետը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում «ապահարզան» տալ որևէ գործընկերոջ հետ հարաբերություններում:
«Մեր քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ չի ճանաչում՝ պատմության ընթացքում։ Մենք չենք պատրաստվում նաև այդպիսի հակամարտ, ավելի տեղին կլինի ասել՝ լարվածություն մտցնել ՌԴ-ՀՀ հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որ կապված են բազմաթիվ կապերով, և տրամադրված ենք առողջ միջավայրում քննարկման՝ այդ հարաբերությունները փոխշահավետ զարգացնելուն։ Խնդիրներ կան, անշուշտ, և խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում՝ աշխարհում, և միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին պետք է կոնստրուկտիվ քննարկումներով լուծումներ գտնել»,- ասել է նա: