19 մայիսի 2026 - 18:21 AMT
Կարապետյանը` The Insider-ի հոդվածի մասին․ «Փաշինյանի ձեռքի գործն է, ես 1999-ին անձնագիր չեմ ստացել»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում արձագանքել է The Insider-ի հրապարակմանը, որը վերաբերում էր նրա անձնագրային գործում «ՖՍԲ»-ի մասին նշումին:

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի աշխատակից, եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին…Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, շան տեղ մի դրեք։ Ես 1999 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-94 թվականներին, դրա համար մեկնաբանելու բան չունեմ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Կարապետյանն անդրադարձել է նաև վարչապետի՝ իրեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և այլ ընդդիմադիր գործիչների հասցեին հնչեցրած մեղադրանքներին ու սպառնալիքներին։

«Թող մեր ժողովուրդը հետևություն անի, փողոցում վազվզում է խելագար։ Թող հետևություն անեն, ամսի 7-ին հասկանան՝ ում են ձայն տալիս»,-ասել է նա:

Խոսելով «Ուժեղ Հայաստանի» թիմակիցների ձերբակալությունների և կալանավորումների մասին՝ նա նշել է, որ իշխանությունները այլ քայլերի հնարավորություն չունեն։

«Դրան էլ շան տեղ մի դրեք։ Մեր ժողովուրդն իր խոսքը կասի։ Իրենք ուրիշ ոչինչ անելու հնարավորություն չունեն, մնացել է փողոցներում վազվզեն, գոռգոռան, ղժղժան ու անտեղի տեղը մարդկանց ձերբակալեն։ Ուրիշ ի՞նչ ասենք։ Գործեր են կարում մարդկանց վրա, տանում ձերբակալում են, մազոխիստներ են»,-ասել է նա:

Կարապետյանը նաև ընդգծել է, որ առկա են ձայնագրություններ, սակայն, իր խոսքով, ապացույցներ չկան։

«Մարդիկ կալանավորված են անտեղի, վերջում կտեսնեք, ինչ եղան այդ ձայնագրությունների հետ, մի քիչ համբերեք։ Մենք ոչ մեկի կաշառք չենք բաժանում, կաշառք միայն բաժանում է իշխանությունը, այն էլ ոչ թե իրենց գրպանից, այլ պետական բյուջեից»,- ասել է Կարապետյանը։

Ըստ ռուսական The Insider պարբերականի,Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատավայր նշված է եղել «ՖՍԲ»-ի տեղեկատվական կենտրոնը:

«1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»,- ասվում է հրապարակման մեջ: