
Հայաստանը ձեռնարկել է մի շարք գործողություններ, որոնք միանշանակ «ոչ բարեկամական բնույթ են կրել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ միտումնավոր վատթարացրել է ռուսական տնտեսավարողների գործունեության պայմանները», հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում:
Նա որպես այդպիսի քայլ է գնահատել նաև Միջազգային քրեական դատարանին միանալը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին տարիներին Հայաստանի խորհրդարանում իրականացվել է մի շարք գործողություններ, որոնք միանշանակ ոչ բարեկամական բնույթ են կրել: Մենք հենց այդպես ենք գնահատում Միջազգային քրեական դատարանին միանալը, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը, ռուսական տնտեսավարողների գործունեության պայմանների դիտավորյալ վատթարացումը, որոնք, ի դեպ, աշխատանքով ապահովում են Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Եվ, վերջապես, Կիևի ռեժիմին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հարթակը տրամադրելը՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար»,-ասել է նա:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի որդեգրած գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը: Գալուզինը նաև հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ու ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը՝ մինչև 2030 և 2045 թվականները։