21 մայիսի 2026 - 16:41 AMT
Զախարովան` Փաշինյանի մասին․ «ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելն օրինաչափություն է դառնում»

Ռուսական կողմը Հայաստանից ստացել է պաշտոնական ծանուցում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու մասնակցել ԵԱՏՄ նիստին, սակայն խնդիրը ոչ թե նրա բացակայությունն է, այլ այն, որ դա արդեն վերածվում է օրինաչափության, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Հայաստանը գագաթնաժողովում ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ռուս դիվանագետի խոսքով՝ նախկինում ևս եղել են իրավիճակներ, երբ անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների, տարբեր պատճառներով չեն մասնակցել ԵԱՏՄ մարմինների աշխատանքներին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Սա ցանկալի չէ, սա այն չէ, ինչին ձգտում են, բայց նման բան պատահում է», — նշել է Զախարովան։

Սակայն, նրա խոսքով, խնդիրն այն է, որ Փաշինյանի նման դիրքորոշումը ԵԱՏՄ ուղղությամբ արդեն վերածվում է համակարգային երևույթի։

Զախարովան հայտարարել է, որ Փաշինյանի բացակայությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին ողբերգություն չէ բուն միության համար։

«Բուն միության համար որևէ ողբերգություն չկա։ Խնդիրը Հայաստանի մեջ է», – նշել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան նախընտրում է գնահատել իրավիճակը՝ հիմնվելով այն կոնկրետ գործնական քայլերի վրա, որոնք ձեռնարկում է ՀՀ կառավարությունը՝ իր եվրոպամետ ուղին իրականացնելու համար, և որոնք ազդում են Եվրասիական տնտեսական միության վրա։

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ անհնար է համատեղել ԵԱՏՄ անդամակցությունը մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորող մեխանիզմների ներդրման հետ», – հիշեցրել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը «ամբողջական և բոլոր մակարդակներում»։

Դիվանագետի խոսքով՝ պատճառը այն է, որ Եվրամիության կառույցները վարում են «ապակառուցողական քաղաքականություն» և ապօրինի պատժամիջոցներ սահմանում ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ։

«Սա լիովին հակասում է ոչ թե այն պատճառով, որ մենք դեմ ենք համագործակցության տարբեր ձևերի համադրմանը։ Ընդհակառակը, մենք միշտ ասել ենք, որ հնարավոր է ներդաշնակորեն համատեղել տարբեր ուղղություններով համագործակցությունը։ Բայց դա հնարավոր էր մինչև այն պահը, երբ արևմտաեվրոպական ուղղությունից սկսեցին ուղիղ հարվածներ հասցվել, և մինչև դա վերածվեց հիբրիդային պատերազմի, այդ թվում՝ տնտեսական ոլորտում», – պարզաբանել է Զախարովան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսին մասնակցել էր Մինսկում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովին հեռավար ձևաչափով։ Բացի այդ, նա չէր մեկնել նաև 2023 թվականի աշնանը Բիշքեկում անցկացված ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական նիստերին, որտեղ Հայաստանը կրկին ներկայացրել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում՝ չբացառելով «ինտելիգենտ բաժանման» հնարավորությունը։ Իր հերթին Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվե անցկացվել կարող է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը, իսկ արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունը՝ կապված Հայրենական մեծ պատերազմի վետերանների հասցեին Զելենսկու հնչեցրած սպառնալիքների հետ, արդեն «մտել է պատմական տարեգրություններ»։