
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, երբ իրեն օտարերկրյա գործակալ էր անվանել, իսկ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին՝ հայրենիքի դավաճան։
«Մեր 2-րդ համարը շատ կարգին, հայրենասեր, գրագետ նվիրյալ է։ Ես կարող եմ մասսայական ասել՝ եթե ապացուցեն, անմիջապես իմ գործընկերոջը ես գնդակահարեմ։ Եթե չէ, սուտ ասողներից պետք է պատիվ պահանջել, որ մարդու անունը հենց այնպես հայտարարությամբ հանեն շպիոնաժի մեջ»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Ինչ վերաբերում է իրեն օտարերկրյա գործակալ անվանելուն, նա նշել է. «Թող տանեն՝ ինձ հրապարակում գնդակահարեն, եթե կա։ Եթե չէ, ես պատիվ եմ պահանջում, հայտարարողը պետք է պատիժ կրի։ Չեմ ասի՝ գնդակահարենք։ Թող գա իմ առյուծի մոտ մտնի, դուրս գա»։
Փաշինյանը մայիսի 20-ին Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե ԲՀԿ ընտրացուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ դավաճանության հոդվածով քրգործ հարուցելու ակնկալիքով: Թևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է Փաշինյանին՝ նշելով, որ «այս ապօրինությունն իր կոկորդին է կանգնելու»: