21 մայիսի 2026 - 18:46 AMT
Չախալյանը կմնա տնային կալանքի տակ

«Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց տնային կալանքը չի փոխվել։ Դատարանը մասնակի բավարարել է հանրային մեղադրողների միջնորդությունը և կալանքը երկարաձգել ևս 2 ամսով. հանրային մեղադրողը պահանջել էր տնային կալանքը երկարաձգել 3 ամսով։

Դատարանը ամբողջությամբ մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Փաստաբանները դատարանին հիշեցրել են, որ Չախալյանը ընտանիքի հայր է. նրա զավակներից մեկը ուսանող է, որի ուսման վարձը կազմում է 950 հազար դրամ, իսկ մյուս երկու զավակները՝ Գայանե և Դավիթ Չախալյանները, դպրոցական են՝ 850 հազար դրամ ուսման վարձով, հայտնում է Sputnik Արմենիան:

Չախալյանը խնդրել է դատարանին իրեն աշխատելու հնարավորություն տալ, որպեսզի կարողանա ֆինանսապես աջակցել ընտանիքին։

«Գոնե Քասախի տարածքում մի բարիք ստեղծեմ, թեկուզ 3 կմ շառավղով։ Եթե մտավախություն կա, որ գործով վկաների հետ կարող եմ շփվել, կարող եք սահմանափակել այդ շփումները»,– ասել է Չախալյանը։

Պաշտպանական կողմը նաև շեշտել է, որ իրենք մինչև այսօր հստակ չգիտեն, թե ինչում է մեղադրվում Վահագն Չախալյանը, քանի որ հստակ մեղադրական եզրակացություն դեռևս չի ներկայացվել։

Խափանման միջոցի քննարկման ընթացքում բանավեճ է եղել հանրային մեղադրողների և Չախալյանի փաստաբանների միջև։ Պաշտպանները հայտարարել են, թե հանրային մեղադրողները` որպես մասնագետ, չունեն իրենց հստակ տեսակետը, հանրային մեղադրողներն էլ հորդորել են դատարանին ավելի ուշադիր լինել ու թույլ չտալ իրենց վիրավորել։

Միջամտել է նաև Բագրատ սրբազանը զարմանալով, թե ինչից են վիրավորվել հանրային մեղադրողները։ Բանավեճին միջամտել է նաև Արթուր Սարգսյանը հորդորելով մեղադրողներին կոռեկտ խոսել սրբազանի հետ. նրանք սրբազանին կարգի հրավիրելու կոչ էին արել։ Դատական նիստը 5 րոպե ընդմիջվել է։

«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը կալանավորված է 2025 թվականի հուլիսի 5-ից։ 2026-ի փետրվարի 26-ին Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով՝ համակցված չբացակայելու արգելքով։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։