22 մայիսի 2026 - 17:38 AMT
Օվերչուկ. Ոչ ոք, այդ թվում Երևանը, չի ցանկանում, որ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և Երևանը նույնպես հայտարարել է, որ նման մտադրություն չունի։

«Գիտեք, իրավիճակը բավական տարօրինակ և ոչ ստանդարտ է, որովհետև ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և Հայաստանի ղեկավարությունն էլ հայտարարում է, որ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը կողմ է, որ Հայաստանը շարունակի մնալ միավորման կազմում, «բարգավաճի և զարգանա նույն տեմպերով, ինչպես դա տեղի է ունեցել բոլոր նախորդ տարիներին ԵԱՏՄ-ում գտնվելու ընթացքում»։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը հնարավորինս շուտ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ կապված Եվրամիության կամ ԵԱՏՄ մասնակցության հետ, և այդ դեպքում հնարավոր կլինի «քաղաքակիրթ ապահարզանի» տարբերակը։

Փաշինյանն ասել է, որ ԵԱՏՄ–ում կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ մայիսի 21-ին հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանը նման հայտ և ցանկություն չի ներկայացրել։