
Վատիկան այցի շրջանակում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է միջկրոնական հարաբերությունների ընդհանուր պատասխանատու կարդինալ Քուվաքատի հետ, կարևորեն կրոնների միջև խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը։
Արամ Ա-ն կրկին անդրադարձել է Վատիկանի Գրեգորյան համալսարանում մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանի կազմակերպած համագումարում Արցախի և Հայ եկեղեցու վերաբերյալ դրսևորված միակողմանի մոտեցումներին, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը:
«Կարդինալն անհրաժեշտ բացատրություններ է տվել Ադրբեջանի հետ Վատիկանի ունեցած երկխոսության մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Վեհափառ Հայրապետի արծարծած հարցերի շուրջ իր բաժանմունքն անհրաժեշտ աշխատանքները պիտի շարունակի կատարել»,-ասվում է կաթողիկոսության հաղորդագրության մեջ:
Կարդինալը համաձայնել է օրակարգի ընդլայնման անհրաժեշտության հետ: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Քուվաքատին նվիրել է Աստվածամորը պատկերող հուշանվեր։
Վատիկանում կայացած հանդիպումը շարունակությունն էր Ղազախստանում 2025-ի ամռանն ունեցած քննարկումի, երբ Արամ Ա-ն կրկին բարձրացրել էր Վատիկանի Գրեգորյան համալսարանում Ադրբեջանի կազմակերպած համագումարի հարցը: