23 մայիսի 2026 - 12:11 AMT
Օսիպյանին տեղափոխել են հացադուլավորների խուց

Արաբկիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը գրել է հացադուլ հայտարարելու մասին դիմում, և նրան տեղափոխում են հացադուլավորների համար նախատեսված խուց։ Այդ մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից, գրում է Factor.am-ը:

«Արթուր Օսիպյանը նշել է, որ ծանոթ չէր ընթացակարգին. երբ Ձերբակալվածների պահման վայրում և դատարանում ասել է, որ հացադուլ է հայտարարում, չգիտեր, որ անհրաժեշտ է նաև քրեակատարողական հիմնարկում դիմում գրել»,- նշել է ՔԿԾ լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Մայիսի 22-ին Օսիպյանի պաշտպանական կողմը հայտարարել էր, թե արցախցի քաղաքական գործիչը մայիսի 18-ից գտնվում է հացադուլի մեջ։ Քրեակատարողական ծառայությունից ասել էին, որ Օսիպյանի կողմից որևէ դիմում չի ստացվել։

Օսիպյանը մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին և հարցեր ուղղել Հայաստանի անվտանգության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների վերաբերյալ՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ արձագանք է տվել՝ Օսիպյանին մեղադրելով «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Դրանից հետո իրավիճակը լարվել է, և Փաշինյանը կոշտ բառապաշարով Օսիպյանին հորդորել է հեռանալ։

Մի քանի ժամ անց Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ բռնություն կիրառելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանության, ինչպես նաև 211-րդ հոդվածի 1-ին մասով՝ քարոզչություն կատարելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելու կամ քարոզչությանը այլ կերպ խոչընդոտելու համար։

Քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու որոշումներից հետո հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները պահանջել են իշխանություններից և իրավապահ մարմիններից դադարեցնել Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։