
ԲՀԿ-ն ուզում է լավ հարաբերություններ ունենալ և Իրանի, և ԱՄՆ–ի, և ՌԴ–ի, և Չինաստանի և բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են նպաստել երաշխավորված խաղաղություն ունենալու տեսլականի կենսագործմանը, հայտարարել է խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին:
«Սեփական զրոյական կետից բանակցությունները սկսած և 26 տարվա բանակցային գործընթացը տապալած Նիկոլ Փաշինյանն այս անգամ ևս իրեն արտաքին դիվանագիտության ռահվիրա է հռչակել ու գնահատականներ տվել Գագիկ Ծառուկյանի՝ խաղաղության երաշխավոր երկրների շարքում Պակիստանը նշելու վերաբերյալ հայտարարությանը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանը Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ ասել է․ «Ծառուկյան Գագոն աշխարհաքաղաքական վերլուծությամբ է զբաղվել։ Լսի՛ր, դա քո ինչ խելքի բանն է: Քո կարծիքով՝ Հայաստանի ժողովուրդը մոռացե՞լ է քո իրական անունը։ Քո անվտանգությունը կկարողանա ապահովել միայն քրեակատարողական ծառայությունը»։
Տոնոյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանը Պակիստանը նշել է բազմաթիվ այլ ազդեցիկ գերտերությունների՝ ԱՄՆ–ի, ՌԴ–ի, Չինաստանի հետ ի թիվս այլ երկրների:
«Երկրորդ՝ երևի անթիվ–անհամար խորհրդականներդ մոռացել են քեզ զեկուցել, որ մեր հարևան ու եղբայրական Իրանում ծավալված իրանա–ամերիկյան պատերազմը կասեցնող և խաղաղություն բերող հիմնական միջնորդը հենց Պակիստանն է։ Հենց Պակիստանը, լինելով ատոմային տերություն, ունի մեծ ազդեցություն Ադրբեջանի վրա և նոր պատերազմի կանխման, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների զսպման գործում կարող է լինել լուրջ դերակատար։ Սրանից զատ՝ Հայաստանի Հանրապետությունը վերջերս է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, թերևս հասկանալով նույնիսկ բարդ երկրների հետ հաղորդակցության դիվանագիտական ուղիներ ունենալու կարևորությունը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբեմն հենց կողմերից մեկի ռազմավարական գործընկերներն են կարողանում կանխել առավել վտանգավոր ուժային արկածախնդրությունը և զսպել առավել արմատական մոտեցումները։
Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը պետք է մնա պետության անվտանգությունը՝ բոլոր արդյունավետ դիվանագիտական և միջազգային գործիքների միջոցով։
Այո՛, մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ–ի, և՛ ՌԴ–ի, և՛ Չինաստանի և բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են նպաստել երաշխավորված խաղաղություն ունենալու մեր տեսլականի կենսագործմանը։ , որտեղ բացարցակ առաջնահերթությունը կլինի Հայաստանն ու Հայաստանի անվտանգությունը։
Մեր համար դիվանագիտությունն արկածախնդրություն չէ, երբ միջազգային կարևորագույն բանակցությունների ժամանակ խոսում ես այլ բան, իսկ արդեն Հայաստանում՝ արմատապես այլ բան»,-հայտարարել է Տոնոյանը:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։