23 մայիսի 2026 - 13:43 AMT
Զախարովա․ Ռուսական ֆեյքեր փնտրելու փոխարեն, դիտեք Փաշինյանի տեսանյութը՝ ձայնով կամ առանց

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորդորել է «ռուսական ֆեյքեր փնտրելու փոխարեն հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութին՝ ձայնով կամ առանց ձայնի»: Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում:

«Օրերս հերթական հզոր «ներմուծումն» արվեց իբր EUvsDisinfo-ի «հետաքննության» քողի տակ, որը ԵՄ քարոզչական կառույց է (գործում է ԵՄ արտաքին ծառայության հովանու ներքո գտնվող East StratCom աշխատանքային խմբի շրջանակներում) և ստեղծվել է «ռուսական ապատեղեկատվության և կեղծիքների դեմ պայքարելու» համար»,-գրել է Զախարովան:

Նա մեջբերում է արել հետաքննության մասին Euronews-ի հրապարակումից, որտեղ ասվում է․ «Ահա արդեն մի քանի ամիս է ՀՀ-ն հայտնել է ռուսական ապատեղեկատվական արշավի թիրախում, որն իրականացվում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ըստ հետաքննության տվյալների, արշավի մեկնարկը տրվել է մարտի սկզբին «Մատրյոշկա» ծրագրի շրջանակում, որը Կրեմլին մոտ աղբյուրների ապատեղեկատվական գործողություն է, որի շրջանակում գնալով ավելի շատ է կիրառվում ԱԲ տեխնոլոգիան: Antibot4Navalny-ի կոլեկտիվը հայտնել է, որ տասնյակից ավելի ֆեյք տեսահոլովակներ է հայտնաբերել Փաշինյանի մասնակցությամբ․․․․»:

Մինչդեռ, ըստ Զախարովայի, բավական է «դիտել Փաշինյանի հոլովակը, ինչպես ձայնով, այնպես էլ առացն ձայնի, «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր այլևս չհորինելու համար»:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. այս տեսանյութը ոչ մի «Մատրյոշկա» չէր կարող հորինել: Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել արհեստական բանականության տեխնոլոգիաների կամ բոտ ցանցերի իբր օգտագործման մասին պատմություններից: Սա Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն է։ Այնպես որ, դադարեք կեղծ պատմություններ հորինել «Կրեմլի ձեռքի» մասին։

Հ.Գ. Դիտել կարելի է ինչպես ձայնով, այնպես էլ առանց ձայնի»։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։