23 մայիսի 2026 - 15:05 AMT
Լավրով. ՀՀ-ին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով Ռուսաստանին «հնարավորինս ավելի ցավոտ հարված հասցնել»։

«Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին՝ առաջին հերթին սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի դեպքում, ինչպես այժմ անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ասամբլեայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ դա արվում է մեկ նպատակով՝ «Ռուսաստանին հնարավորինս ավելի ցավ պատճառել, ավելի բարդ դարձնել Ռուսաստանի՝ որպես իրական մեծ տերության և քաղաքակրթության պահպանման ու ամրապնդման խնդիրը»։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի որդեգրած գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը: Գալուզինը նաև հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ու ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը՝ մինչև 2030 և 2045 թվականները։