
ԲՀԿ ընտրացուցակի երկրդր համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և խափանման միջոց կիրառելու համար հիմքեր չկան, հայտարարել է նրա պաշտպան Արամ Օրբելյանը` հավելելով, որ մեղադրանքում պետական գաղտնիք հավաքել և փոխանցել չկա:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Դատական նիստում հայտարարվել է ընդմիջում, հայտնում է «Փաստինֆոն»:
Պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործի նյութերից չի բխում ոչ միայն պետական դավաճանության, այլ ընդհանրապես որևէ այլ քրեական հոդվածով հանցակազմի առկայություն։
«Մեր կարծիքով՝ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան, նյութերից չի բխում որևէ եղանակով գործի հարուցում։ Մոտավորապես այն արգումենտացիան՝ դե հարուցենք, հետո քննենք, կալանավորենք, ապացույցներ ձեռք բերենք՝ թույլատրելի չէ»,- նշել է պաշտպանը:
Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը 2024-ին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը, ըստ իրավապահների, հանդիսացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Վերջինիս հանձնարարությամբ, ըստ հաղորդման, նա զբաղվել է լրտեսությամբ և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ-ում անցկացված փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են սահմանազատման հարցեր, որին մասնակցել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՔԿ-ի պնդմամբ՝ Ա.Թ.-ն ռուսերեն թարգմանված տեսքով փոխանցել է փակ նիստի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ՝ դրա դիմաց ստանալով 622 հազար դոլար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության, և 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության հատկանիշներով։
Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2023 թվականի օգոստոսի 17-ին, սակայն, վայր է դրել պատգամավորական մանդատը։