
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հետ «հարաբերությունները խզելու ուղին է բռնել», հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Փաշինյանը ՌԴ հետ հարաբերությունները խզելու ուղին է բռնել, դա պետք է խոստովանել: Նրան շահավետ է թվում, սողոսկելով տարբեր քաղաքական հոսանքների միջև, ուռճացված հեղինակություն վաստակել արևմուտքում՝ վտանգի տակ դնելով մեր երկրի հետ հարաբերությունները»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև ասել է, որ Փաշինյանի քաղաքական քայլերը սպառնալիքի տակ են դրել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ըստ երևույթին, նա մեզ հիմարի տեղ է դրել։ Միաժամանակ ինքն է լրջորեն սխալվել համակարգային պատկերացումների մեջ և իր երկրի համար չափազանց վտանգավոր քաղաքականություն վարում... Մտածեք միայն՝ այս մարդու գործողությունների հետևանքով կտուժի ամբողջ հայ ժողովուրդը, որը կկորցնի Ռուսաստանի շուկան, ամբողջ ԵԱՏՄ-ն և տասնամյակներով կառուցված տնտեսական կապերը», - հավելել է նա։
Մեդվեդևը հիշեցրել է, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը ռուսական գազը ստիպված լինի ձեռք բերել եվրոպական գներով, որոնք ներկայիս սակագներից երեք անգամ բարձր են։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև առաջարկել է Հայաստանի վարչապետին հարցնել քաղաքացիներին՝ արդյոք նրանք պատրաստ են նման գին վճարել։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով Ռուսաստանին «հնարավորինս ավելի ցավոտ հարված հասցնել»։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի որդեգրած գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը: Գալուզինը նաև հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ու ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը՝ մինչև 2030 և 2045 թվականները։