25 մայիսի 2026 - 16:31 AMT
Կարապետյան․ Ընդունելու ենք «Սաֆարովին կանխարգելման օրենք»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ եթե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում հաղթի իրենց քաղաքական ուժը, ապա կառավարության առաջին նիստում կընդունեն երկրի գլխավոր՝ «Սաֆարովին կանխարգելման օրենքը»։

«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր տնտեսական բոլոր ծրագրերն անիրագործելի են դառնալու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք մեր երկրի գլխավոր օրենքը, որը մենք կոչել ենք «Սաֆարովին կանխարգելման օրենք», որպեսզի ադրբեջանցիներին արգելենք գնել մեր հողերը, տները, նվեր ստանալ մեր հողերը»,– հայտարարել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Կուսակցության անդամ, իրավաբան Արամ Վարդևանյանը հավելել է, որ այդ նախաձեռնությունը նաև անվանվելու է ատելության կանխարգելման փաթեթ։

«Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևիցե ֆիզկական կամ իրավաբանական անձ` որպես իրական շահառու ՀՀ–ում գործունեություն ծավալող, չի կարողանալու ձեռք բերել մեր երկրում որևէ անշարժ գույք»,– ընդգծել է նա։

Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանը, հիշեցրել է, որ Հայաստանը ներկայում կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ, քանի որ, նրա գնահատմամբ, չնայած իշխանությունների խաղաղության մասին հայտարարություններին, երկրի ինքնիշխան տարածքում շարունակում է առկա մնալ տարածքային ամբողջականության խախտման խնդիրը։

«ՀՀ 4 մարզում ադրբեջանական զինված ներկայություն կա, և ադրբեջանական զորքերը ոչ միայն չեն հեռացվել այդ տարածքներից, այլև օդում կախված է մնացել անկլավների հարցը»,– նշել է Մելոյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ընթացքում արձագանքել էր Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ վստահեցնելով, որ իրենց իշխանության օրոք Հայաստանում 300 հազար ադրբեջանցի չի բնակեցվելու։

2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե անցյալ դարավերջին Հայաստանը լքած մոտ 300 հազար ադրբեջանցի սպասում է վերադարձի և վերաինտեգրման պայմանների վերաբերյալ Երևանի պատասխանին։