
Ռուսաստանն էներգակիրների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար, սակայն Երևանին գրավող ռուսական գազի արտոնյալ գինը կարող է վերածվել շուկայականի, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք լսել ենք հայկական ղեկավարության հայտարարությունները այն մասին, որ գոյություն ունի ռուսական գազի, ռուսական էներգակիրների չափազանց գրավիչ, առավել քան արտոնյալ գին։ Դա իսկապես այդպես է․ Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես՝ իր ամենամոտ դաշնակիցների և գործընկերների համար», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ նման ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների համար, «իհարկե, խոսքը Եվրամիության մասին է»։ Նրա խոսքով՝ այնտեղ գործում է բոլորովին այլ՝ շուկայական գնային համակարգ։
«Այնտեղ գների կատեգորիան բոլորովին այլ է՝ շուկայական։ Սա շատ լավ հայտնի է մեր բարեկամներին Երևանում», - եզրափակել է նա։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Հայաստանի հետագա տնտեսական ինտեգրման ուղղության ընտրության հարցը շարունակում է բաց մնալ։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Մոսկվա այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանը շարունակում է լիարժեք մնալ ԵԱՏՄ անդամ, սակայն զուգահեռաբար զարգացնում է հարաբերությունները նաև արտաքին քաղաքականության այլ ուղղություններով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ։
«Եվ ինչպես այն ժամանակ պարզաբանել էր Փաշինյանը, ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի վերջնական որոշում կայացնել, և դա արվելու է հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ խոսքը հենց հայ ժողովուրդն է ասելու», - եզրափակել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հետ «հարաբերությունները խզելու ուղին է բռնել»: Միրզոյանն ասել է, որ Հայաստանը չի ձգտում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը»,- ասել է նա: