
Սևանում 22-ամյա հղի Մարիաննա Բ-ի մահվան դեպքի մեջ կասկածվող ամուսինը՝ Հայկ Ղուկասյանը, կալանավորվել է: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Մայիսի 21-ին հայտնի էր դարձել, որ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածում հայտնաբերվել է կնոջ դի։ Վարորդը իրավապահներին հայտնել էր, թե Ճամբարակից վերադառնալու ճանապարհին վիճել են իր հղի կնոջ հետ, ինչից հետո վերջինս նետվել է մեքենայից։ Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հղի կնոջ 21-ամյա ամուսինը ձերբակալվել է։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ 1 անձ կալանավորվել է»,–հայտնել են քննչական կոմիտեից։
Մահացածի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Հայկը կնոջը պահել է փակի տակ և օրերով տուն չի վերադարձել։ Նրա խոսքով՝ դեպքի օրը հղի կինը խնդրել է, որպեսզի ամուսինը կանգնեցնի մեքենան։ Երբ մեքենան կանգնել է, աղջիկը դուրս է եկել, սակայն ամուսինը վազել է նրա հետևից և մազերից քարշ տալով՝ հետ տարել։
«Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից…Քիմք-ծնոտային կոտրվածք, վիզ-ողնաշարի վնասվածք, դեմքի կապտուկներ։ Մազերն ամբողջությամբ պոկված էին»,–գրել է մահացածի քույրը։
Հաստատվել է նաև տեղեկությունը, որ Հայկ Ղուկասյանը հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնության համար։
Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը բռնել է նրա մազերից, սակայն չի կարողացել պահել։
Նախաքննությունը շարունակվում է։