25 մայիսի 2026 - 18:05 AMT
ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մի շարք տնտեսվարողների չի թույլատրել ելակ արտահանել Ռուսաստան՝ ստուգումների ընթացքում կարանտինային օրգանիզմների հայտնաբերման պատճառով: Այդ մասին ասել են ՍԱՏՄ մամուլի ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողները ահազանգել են՝ Բագրատաշենի անցակետից դեպի ՌԴ արտահանվող ելակը հետ է ուղարկվել։ Դանիելյանի տեղեկություններով՝ ֆիտոսանիտարական ծառայությունն արգելել է արտահանումը՝ պատճառաբանելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։ Պատգամավորը նաև մտավախություն էր հայտնել, որ դեպքը կարող է կապված լինել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետ։

«ՍԱՏՄ-ն իր բնականոն գործառույթն է իրականացրել, ստուգել արտահանվող ապրանքը։ Որտեղ խնդիր է հայտնաբերվել, արտահանումն արգելվել է, արտասովոր ոչինչ չկա»,- նշել են տեսչական մարմնից։

Միաժամանակ այն տնտեսվարողները, որոնց ելակը համապատասխանել է սահմանված պահանջներին, շարունակել են արտահանումը բնականոն կերպով։

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 21-ին թեմային անդրադառնալով լրագրողներին ասել էր, որ իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, և աշխատանքներ են իրականացվում ռուս գործընկերների հետ։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները սկսել են վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ևս անդրադարձել էր թեմային և ծաղիկների ներմուծման սահմանափակումների հետ կապված իրավիճակը բնութագրել որպես «աշխատանքային»՝ նշելով, որ նման դեպքեր վերջին տարիներին տասնյակ անգամներ են արձանագրվել։