
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին ընդառաջ Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումը և երկու երկրների միջև բարձր մակարդակի կայուն փոխգործակցությունը և կոչ արել ազատել Բաքվում պահվող հայ գերիներին՝ «անհապաղ և անվերապահ կերպով»:
Նշվում է, որ Համագումարը խորապես մտահոգված է մնում Բաքվի կողմից անօրինական կերպով բանտարկված բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժմամբ:
«Ինչպես նախկինում հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը. «120,000 քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել էին Արցախում»։ Նախագահ Թրամփը նաև խոստացավ «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և Սպիտակ տանը «Խաղաղության և միջպետականհարաբերությունների հաստատման» վերաբերյալ հանդիպման ժամանակ հանձն առավ անմիջապես նախագահ Ալիևի հետ քննարկել պատանդ պահվող քրիստոնյա հայերի ազատ արձակման հարցը։ Համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին այս պարտավորությունները վերածել հստակ, չափելի գործողությունների։
Մինչ Միացյալ Նահանգները և Հայաստանը շարունակում են համատեղ աշխատել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ-ի առաջխաղացման վրա, ինչպես նաև մի շարք հիմնական ոլորտներում փոխըմբռնման հուշագրերի (MOU) հետ մեկտեղ, Համագումարը վերահաստատում է Հայաստանի անվտանգության ենթակառուցվածքների ամրապնդման և արցախահայության շարունակական մարդասիրական կարիքների բավարարման կարևորությունը։ Սա ներառում է աջակցություն իրենց պապենական հայրենիք վերադառնալու իրավունքին՝ անվտանգության, ժողովրդավարական իրավունքների նշանակալի երաշխիքներով և հայկական մշակութային ժառանգության ու կրոնական վայրերի լիարժեք պաշտպանություն»,-ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի իր աշխատանքը՝ առաջ մղելու իրական անվտանգությունը, արդարությունը և այնպիսի ապագա, որում հայ ժողովուրդը կապրի ազատության և արժանապատվության պայմաններում՝ իր նախնիների հայրենիքում։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։