
Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում անմիջապես «սպառնալիքի աղբյուրից», սակայն, դա Հայաստանի իշխանությունների ընտրությունն է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ հավելելով, որ ցավում է դրա համար:
Նա այդ մասին խոսել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում անմիջապես սպառնալիքի աղբյուրից։ Սակայն դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի համար»,- ասել է Շոյգուն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ:
Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։