
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում հայկական կողմը ՀԱՊԿ-ին օգնություն ցուցաբերելու հարցով որևէ դիմում չի ներկայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Հայաստանի կողմից այս հակամարտության շրջանակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ հարցում չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շոյգուն՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ:
Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։