
ԱՊՀ-ում անարձագանք չեն թողնի Երևանի դիրքորոշումը՝ կապված եվրաինտեգրման ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի՝ «Ուկրաինային նվիրված գագաթնաժողովի հետ», հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և օգտվում է այդ անդամակցության առավելություններից»,- ասել է Լեբեդևը «Անկախ Պետությունների Համագործակցությանը՝ 35 տարի. արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում, հայտնում է Sputnik Արմենիան:
Լեբեդևը նաև նշել է, որ ԱՊՀ-ն ներկայում խորապես ինտեգրված միավորում է, որն ունակ է համատեղել անդամ պետությունների ընդհանուր շահերն ու ազգային առաջնահերթությունները։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ամբողջությամբ օգտագործել Համագործակցության մեծ ինտեգրացիոն ներուժը։
Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։