26 մայիսի 2026 - 18:56 AMT
Տոլստոյը չի բացառել, որ ՀՀ քաղաքացիների համար գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել, եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը:

«Ուզում եմ նախազգուշացնել բոլոր այն գործիչներին, որոնք այսօր փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը սկսի հեռանալ։ Հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ Հայաստանի քաղաքացիների համար գործող ներկայիս արտոնությունները, օրինակ՝ երկարատև բնակությունն առանց գրանցման և Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա», - ասել է Տոլստոյը Պետդումայում անցկացված կլոր սեղանի ընթացքում, գրում է Interfax-ը:

Նա հավելել է, որ եթե այդ կարգավիճակը վերանայվի կամ վերանա Հայաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա արտոնությունները կչեղարկվեն, իսկ ՀՀ քաղաքացիները կանցնեն ընդհանուր միգրացիոն ռեժիմի։

«Եթե այդ կարգավիճակը չլինի, կամ ինչ-ինչ պատճառներով վերանայվի հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա, իհարկե, նման արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կանցնեն այն ընդհանուր միգրացիոն ռեժիմին, որը գործում է բոլոր օտարերկրացիների համար», - հավելել է նա։

Տոլստոյը հիշեցրել է, որ Ռուսաստանում մեծ հայկական համայնք կա։ Նրա խոսքով՝ այնտեղ բնակվող հայերի ներկայությունը, աշխատանքային գործունեությունը և Հայաստանի բիզնեսի գործունեությունը ՌԴ-ում կասկածի տակ են դրվում հակառուսական հայտարարություններով և ոչ բարեկամական քայլերով։

«Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված այն առավելությունները, որոնցից օգտվել է Հայաստանը, որոնք օգտագործել է նաև Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ներքին քաղաքականության մեջ, կարող են շատ հեշտությամբ վերանալ՝ հակառուսական հայտարարությունների, ռուսերեն լեզվի նկատմամբ ճնշումների, կտրուկ հակառուսական արտահայտությունների, ինչպես նաև Զելենսկու հետ ջերմ հարաբերությունների պատճառով։ Իհարկե, այս ամենը չի կարող անպատասխան մնալ Ռուսաստանի Դաշնության կողմից», - ասել է պատգամավորը։

Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի ժողովուրդը պետք է որոշում ընդունի հետագա զարգացումների վերաբերյալ։

«Հայաստանի ժողովուրդն այս դեպքում պետք է որոշում ընդունի իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ»։

Տոլստոյը նաև նշել է, որ որպես Պետդումայի նախագահի տեղակալ՝ ինքն է համակարգում Հայաստանի հետ հարաբերությունները։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հետ «հարաբերությունները խզելու ուղին է բռնել»: Միրզոյանն ասել է, որ Հայաստանը չի ձգտում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը»,- ասել է նա: