27 մայիսի 2026 - 11:37 AMT
ԱՄՆ Պետդեպ․ Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են նաև ՀՀ-ում կայանալիք ընտրությունները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ այս փաստաթղթերը խորացրել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և առաջ են մղել 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև այցով Երևանում էր մայիսի 26-ին: Այցի ընթացքում i>Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։