
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը։ Այս եզրակացությանն է եկել ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
Երևանը կարող է զրկվել միությանն անդամակցության շնորհիվ ստացած առևտրային արտոնություններից։ Խոսքը վերաբերում է միասնական հինգտոկոսանոց ցածր մաքսային դրույքաչափին և որոշ դեպքերում ապրանքների անտուրք ներմուծման իրավունքին։
2025-ին Հայաստանը ԵԱՏՄ երկրներ արտահանել է 3․2 միլիարդ դոլարի ապրանք, իսկ ներմուծել՝ 5 միլիարդ դոլարի։ Գլխավոր գնորդն ու մատակարարը եղել է Ռուսաստանը՝ համապատասխանաբար 2․9 միլիարդ և 4․87 միլիարդ դոլար ցուցանիշներով։ Արդյունքում Երևանի և միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 8․2 միլիարդ դոլարի, իսկ մնացած աշխարհի հետ՝ 13․2 միլիարդի։ Սա նշանակում է, որ ԵԱՏՄ-ի հետ առևտուրը կազմել է ընդհանուր ծավալի 38․5 տոկոսը։
Մայիսի սկզբին Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Հայաստանի ղեկավարությանը չհետաձգել Եվրամիության կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցի լուծումը՝ հնարավոր է նույնիսկ հանրաքվե կազմակերպելով։ Դրանից առաջ նա բազմիցս հայտարարել էր, որ հանրապետությունն իրավունք ունի ինքնուրույն ընտրել գործընկերներին, սակայն միաժամանակ երկու մաքսային միությունների կազմում գտնվելը հնարավոր չէ։ Ռուսաստանի նախագահն առաջարկել էր այս թեման քննարկել ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում, որը կայանալու է մայիսի 28-29-ին Աստանայում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի պատճառով չի մասնակցելու միջոցառմանը։