27 մայիսի 2026 - 16:13 AMT
Օվերչուկը բացառել է ՀՀ նկատմամբ սահմանափակումների ընդունումը ԵԱՏՄ գագաթնաժողովում

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական գագաթնաժողովը կկայանա Աստանայում մայիսի 28-ին։

«Խոսք չի գնում պայմանագրի փոփոխության մասին։ Պայմանագիրը փոխելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, իսկ Հայաստանը, ինչպես գիտենք, չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այնտեղ շատ լավ հասկանում են թե՛ արտոնությունների ծավալը, թե՛ ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ առևտրի չափը, որն այսպիսի մակարդակի է հասել մեծապես հենց Հայաստանի համար գործող արտոնյալ ռեժիմների շնորհիվ», – ասել է ՌԴ փոխվարչապետը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հավելել է, որ խոսքը վերաբերում է զրոյական մաքսատուրքերին, ներդաշնակեցված ստանդարտներին և տեխնիկական կարգավորումներին։ Օվերչուկը նշել է, որ այսօր միության շուկաները բաց են, և ապրանքների ազատ փոխադարձ տեղաշարժ է իրականացվում։

«Ուստի, իհարկե, հայերը շատ լավ հասկանում են այն առավելությունները, որոնք իրենց տալիս է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը, և չեն ցանկանում դուրս գալ։ Հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք իրենց նպատակն են հռչակել Եվրամիության հետ մերձեցումն ու այդ միությանը անդամակցելը։ Բոլորը հասկանում են, որ դա անհամատեղելի է, սա նոր իրավիճակ է, և այն անհրաժեշտ է գնահատել», – հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը գազի ոլորտում արտոնություններ է ստանում Ռուսաստանի հաշվին, և դա պետք է դիտարկել որպես օգնություն։

«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է լինում։ Այսինքն՝ այն արտոնությունը, որը ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չի ընկնում։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման մեջ։ Դա եղբայրական երկիր է, եղել է և կմնա եղբայրական։ Բայց դա մեր հաշվին է, պետք է իրերն իրենց անունով կոչել․ սա մեր օգնությունն է Հայաստանին», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ երբ եվրոպացիներին գազ են վաճառում 500-700 դոլարով, ոչ ոք նրանց չի օգնում սեփական հաշվին։

«Ամերիկացիները օգնում են եվրոպացիներին հենց եվրոպացիների հաշվին՝ մեծ գումարներով», - հավելել է նա։

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակին, գրել էր, որ Ռուսաստանը դիտարկում է Հայաստան գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կասեցման կամ չեղարկման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հայտարարել էին, որ Երևանը Մոսկվայից չի ստացել ծանուցում բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման համաձայնագրի հնարավոր խզման վերաբերյալ։