
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը Դիլիջանի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում, խոսելով կուսակցության նախընտրական ծրագրերի մասին, նշել է, որ իրենց քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին Հայաստանի տնտեսությունը վերականգնելու և բանակը սպառազինելու նպատակով։
«Մեր երկիրն ունի հանքահումքային ռեսուրսների ահռելի պաշար, մեր սարերը լի են քաղցրահամ ջրերով, ունենք նաև մարդկային ու գիտական ահռելի ռեսուրս, և եթե այդ ռեսուրսներն ամբողջությամբ միավորենք, մենք կարող ենք մեր բյուջեն քառապատկել, հնգապատկել և հինգ տարի հետո ունենալ Ադրբեջանի բյուջեից երկու անգամ ավելի բյուջե»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Արամ Սարգսյանը նշել է, որ իրենք առաջարկում են նաև Հայաստանում ջրամբարներ ստեղծել։
«Մենք գնում ենք Ազգային ժողով աշխատելու, օրենսդրական նախագծեր տանելու, Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու։ ԱԺ-ում մեր լինելը փոխելու է այդտեղի պատկերն ու խոսակցության թեման»,- ասել է նա:
Նա հավելել է, որ իրենք նաև Ազգային ժողով են տանելու նախագիծ, որով յուրաքանչյուր 5 տարին մեկ համաներումը կդառնա պարտադիր՝ կալանավայրերի վիճակը բարելավելու նպատակով։
«Մենք Ազգային ժողով այնպիսի նախագծեր ենք տանելու, որ մարդկանց հուզող հարցերին կարողանանք իրավական և օրենսդրական լուծումներ տալ։ Մենք գնում ենք ծառայելու ձեզ, սիրելի՛ ժողովուրդ»,- ասել է Սարգսյանը։
Նա հորդորել է դիլիջանցիներին մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հանրապետություն» կուսակցության օգտին։
«Ես վստահեցնում եմ, որ մենք այնպիսի աշխատանք կանենք, որ դուք կհպարտանաք ձեր քվեարկությամբ։ ԱԺ-ում մեր լինելը Դիլիջանի հանդեպ ուշադրությունն էլ ավելի է մեծացնելու։ Կան քաղաքներ, որոնց հանդեպ ուշադրությունը բերելու է ամբողջ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը, և դրանցից մեկը Դիլիջանն է»,- հավելել է Արամ Սարգսյանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։