
Կառավարության կողմից ՀԷՑ-ի միջազգային վարկի մարումն ընդամենը խոսում է այն մասին, որ ՀԷՑ-ը վերջին շրջանում ներդրումային ծրագիր կա՛մ չի իրականացրել, կա՛մ քիչ է իրականացրել, ասել է ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գրառմանը։
Ղազինյանը նշել է, որ զարմանալի ոչինչ չկա այն հանգամանքում, երբ ՀԷՑ-ի նման խոշոր ընկերությունը վարկեր է վերցնում ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով, հայտնում է Sputnik Արմենիան:
«Եթե ընկերությունը ներդրումային ծրագիր չի անում, բնականաբար, գումար է ավելանում, իսկ դա նշանակում է, որ նորմալ ներդրումային ծրագրեր քիչ են իրականացվում։ Մինչդեռ ներդրումային ծրագրերն արվում են էներգետիկ համակարգի հուսալիության համար։ Եթե վարկային միջոցներով վերցված գումարը հավաքվում է ու ներդրում չի կատարվում էներգետիկ համակարգի հուսալիության ապահովման համար, ուրեմն այդ գումարից, այլ ոչ թե շահույթից, կարող են նաև վարկ վճարել։ Հիմա Պետրոսյանի այդ հայտարարությունը, ստացվում է, ուղղակի ժողովրդի աչքին թոզ փչել էր»,– ընդգծել է Ղազինյանը։
Նա հիշեցրել է, որ կարևոր հանգամանք է նաև այն, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է իր միջոցներով փակում այդ վարկի տոկոսները, այլ ոչ թե դրանք ներառվում են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, ինչպես, ըստ նրա, փորձել են ներկայացնել գործող իշխանությունները։ Ղազինյանի խոսքով՝ տոկոսավճարները սակագնի մեջ ներառելու վերաբերյալ հայտարարությունները հերքել է նաև ՀԾԿՀ նախագահը։
«Հիմա նման գրառում անելով Պետրոսյանը որտե՞ղ է ուզում հերոսանալ, ես դա չեմ հասկանում»,– նշել է ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի ԺՊ-ն՝ անդրադառնալով Պետրոսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «վճարումներն իրականացվել են բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ընթացիկ ֆինանսատնտեսական բնականոն գործառնություններին զուգահեռ, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման»։
Ղազինյանը դժվարացել է ասել, թե ներկայում որքան են կազմում ընկերության ընդհանուր վարկային պարտավորությունները և արդյոք Պետրոսյանի ներկայացրած թվերը համապատասխանում են իրականությանը, քանի որ «Տաշիր Կապիտալն» արդեն 10 ամիս է, ինչ չի ղեկավարում ՀԷՑ-ը։
Պետրոսյանը նշել էր, որ օրերս «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս մոտ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարում է կատարվել։ Նրա խոսքով՝ 2025 թվականի հուլիսի դրությամբ, երբ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ էր հարուցվել, ընկերությունն ունեցել է մոտ 396․8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորություններ:
ՀԷՑ-ի սեփականատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի դեմ դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել, իրենց գնահատմամբ, զրպարտչական տեղեկությունները, թե իբր ՀԷՑ-ը տարբեր ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես՝ քաղաքացիների էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ներառվում են նաև ընկերության վերցրած վարկերը։ Հայցվոր կողմը պահանջել է նաև 6 մլն դրամ փոխհատուցում։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ևս, անդրադառնալով Պապոյանի հայտարարությանը, նշել էր, որ գործող մեթոդաբանությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերը չեն ներառվում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։