
Եթե վերընտրվեն գործող իշխանությունները, «ասելու են՝ Սևանը Գյոյչա է և վերջ», հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ գործող իշխանության համար «սուտ խոսելը «փեշակ» է դարձել», իսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում, նրա խոսքով, մարդկանց ավտոբուսներով տեղափոխում են կամ ստիպում մասնակցել հանդիպումներին, գրում է Aravot.am-ը:
«Մի հատ նշան են սարքել՝ թե քարտեզ։ Ի՞նչ է, նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը՝ այսօր մասնատելով, բաժանելով․․․ Ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենց զորքերը, հենակետերը դրել են, հետ չեն գնում, գյուղացին չի կարողանում իր հողերը մշակի՝ ասում են՝ խաղաղություն ենք բերում»,-ասել է ԲՀԿ առաջնորդը:
Ծառուկյանը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված ու կնքված խաղաղության փաստաթուղթը։
«Ադրբեջանի ախորժակը այսօր շատ մեծ է, որ այսօր ասում է՝ Սևանը Ադրբեջանինն է, անունն էլ Գյոյչա է, Երևանն էլ՝ Էրիվան է։ Այսօր ինքը՝ հունիսի 18-19-ը Նախիջևանում, այդ ծրագիրն է իրականացնում, որ կարողանա Արևմտյան Ադրբեջան ստեղծի»,- ասել է Ծառուկյանը:
Նա կոչ է արել հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին և միասնական լինել, որպեսզի հնարավոր լինի կանխել այդ զարգացումները։ Նրա համոզմամբ՝ հակառակ դեպքում Հայաստանին կարող է սպասել Արցախի ճակատագիրը։
«Ալիևը վրեժ է լուծում։ Այդ 30 տարվա իրենց խայտառակությունից հետո՝ վրեժ է լուծում։ Ասում է՝ ես գալու եմ, իմ ժողովուրդը գալու է բնակվի․ տանկերով չենք գալու, ավտոբուսներով ենք գալու, բայց եթե նեղացրեցիք՝ մի հատ էլ զորք կբերեմ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով, որ նախկինում իշխանությունները հայտարարում էին՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», մինչդեռ այժմ Արցախը չկա։
Նրա խոսքով՝ նույնը կարող է կրկնվել նաև հիմա․ «Եթե իրենք ընտրվեցին՝ ասելու են՝ «Սևանը Գյոյչա է և վերջ»։
Ինչ վերաբերում է պաշտոնյաների հայտարարություններին, թե 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարց գոյություն չունի, Գագիկ Ծառուկյանը խորհուրդ է տվել կարդալ Իլհամ Ալիևի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի ելույթը։
Ծառուկյանի համոզմամբ՝ դեռ հնարավոր է իրավիճակը փոխել՝ ճիշտ դաշնակիցներ ընտրելու միջոցով։ Նա անդրադարձել է նաև սահմանամերձ համայնքներին արտոնություններ տրամադրելու, գյուղնախարարությունը վերականգնելու, գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև մանր ու միջին բիզնեսի և տուրիզմի զարգացման ծրագրերին։
«Դատարկելով՝ մենք ինքնըստինքյան դրանք հանձնում ենք ադրբեջանցիներին։ Սահմանը պետք է ամուր լինի»,- ընդգծել է նա։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։