
Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստի ավարտից հետո, նրան թույլ չեն տվել պատասխանել լրագրողի հարցին՝ քաշքշելով հանել են դահլիճից:
Լրագրողները նրան հարց են ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե նա Ազգային ժողովի ընտրություններից հետո Գյումրիում իշխանափոխություն է անելու և նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնի, հայտնում է Aravot.am-ը:
«Սկզբում դատարանի կարգադրիչներից մեկը ձիգ փաթաթվեց Ղուկասյանին, որ նա չխոսի։ Այնուհետ մյուս կարգադրիչները նրան քաշքշելով, հրելով հեռացրեցին դատարանի դահլիճից` լարված իրավիճակ ստեղծելով»,-ասվում է հրապարակման մեջ:
Մի պահ իրեն հրող կարգադրիչներից մեկին իր հերթին փորձեց հրել Վարդան Ղուկասյանը։
Նրա շահերը պաշտպանող Արամայիս Հայրապետյանը, տեսնելով, որ իրավիճակը լարվում է, նախ նկատողություն է արել կարգադրիչին՝ ասելով․ «Կարո՞ղ է հրելով գնաս վերջում», այնուհետև անձամբ դուրս է հանել իր պաշտպանյալ Վարդան Ղուկասյանին։
Փաշինյանը Գյումրիում ասել է․ «2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո կտեսնենք կոնկրետ երբ, ժողովուրդ ջան, իրար հետ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ։ Ես ասում եմ՝ էս պահից, էսօրվանից սկսած՝ Գյումրիին վերաբերող բոլոր հարցերը իմ անձնական վերահսկողության ներքո են լինելու, կրելու եմ պատասխանատվություն Գյումրիում ամեն արածի ու չարածի համար»։