27 մայիսի 2026 - 18:54 AMT
Մարուքյան. Իշխանությունը Երևանի կենտրոնի բնակչությանը գույքահարկի հիմքով «էթնիկ զտման» է ենթարկում

Իշխանությունը Երևանի կենտրոնի բնակչությանը գույքահարկի հիմքով «էթնիկ զտման» է ենթարկում, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Թամանյանի արձանի մոտ քարոզարշավ իրականացնելիս:

Անդրադառնալով գույքահարկի թանկացմանը՝ նա ասել է, որ իշխող թիմը մայրաքաղաքի բնակիչներին կանգնեցրել է սեփական տներից զրկվելու իրողության առաջ, հայտնում է Sputnik Արմենիան :

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «թանկ տեղ ես ապրում, վաճառի՛, գնա Մասիվ, Փարաքար, Արծվաշեն գնա ապրի»։ Կենտրոնի բնակչությանը, որոնք չեն կարողանում իրենց գույքահարկը վճարել, իշխանությունը գույքահարկի հիմքով էթնիկ զտման է ենթարկում։ Հիմա Երևանի բնակիչները վճարում են եվրոպական հարկեր՝ հայկական աշխատավարձերով»,– ասել է Մարուքյանը։

Քաղաքական գործիչը պարզաբանել է, թե ինչ մեխանիզմով է օրենքը ազդում քաղաքացիների գրպանի վրա։ Մարուքյանի խոսքով՝ հարկի չափը հաշվարկվում է անշարժ գույքի արհեստականորեն ուռճացված գներից, ինչը չի համապատասխանում մարդկանց իրական եկամուտներին։ Նա հիշեցրել է, որ իշխանությունները բեռը կիրառել են աստիճանաբար, որպեսզի հանրային կտրուկ դժգոհություն չառաջանա։

«Առաջին տարի 25 տոկոս բարձրացրեցին, որ դուք չզգաք, երկրորդ տարին՝ 50, իսկ այս տարի ամբողջանում է օրենքը, և 100 տոկոսով թանկանում է գույքահարկը»,– շարունակել է նա։

Մարուքյանը կոչ է արել ընտրողներին քվեարկության օրը իրենց ձայնով հստակ դիրքորոշում հայտնել այս թանկացումների դեմ։ Նա խոստացել է, որ խորհրդարան անցնելու դեպքում իրենց քաղաքական թիմի առաջնային քայլերից մեկը լինելու է հարկային այս բեռի թեթևացումը։

«Մենք նվազեցնելու ենք՝ տրամաբանական չափերի հետ ենք բերելու, հայկական չափերի ենք բերելու... Մեզ քվե տալով ուղերձ եք տալիս, որ դուք խորհրդարանից ուզում եք, որ գույքահարկը նվազեցվի»,– ընդգծել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։