28 մայիսի 2026 - 11:19 AMT
Թրամփն աջակցություն է հայտնել Փաշինյանին․ «Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ նա Հայաստանն առաջնորդում է դեպի ավելի անվտանգ և հզոր ապագա, ինչպես նաև կիսում է իր «տեսլականը Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ»։ Այդ մասին նա գրել է Truth Social հարթակում:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղության և բարգավաճման իմ տեսլականը», - գրել է ԱՄՆ նախագահը, հայտնում է Արմենպրեսը:

Թրամփը հատուկ անդրադարձ է կատարել մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերին՝ դրանք համարելով կարևոր նշանակություն ունեցող։

«Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր գործարք մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, որը կվերափոխի Հարավային Կովկասը և մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև հայտնել է, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում։

«Այս պատճառները հաշվի առնելով՝ Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ (Հայաստանը) կրկին ավելի հզոր դարձրեք», - եզրափակել է Թրամփը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր հասցեին հնչեցրած բարձր գնահատանքի համար։

«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Երևանում ընթանում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը, որը վերջին տասնամյակում անցկացվում է առաջին անգամ։ Շքերթում ներկայացված են Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և այլ պետություններից ձեռք բերված զինատեսակներն ու ռազմական տեխնիկան: Սպառազինության մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Դրանց թվում են «ТОС-1» ծանր հրանետային համակարգերը, ռուսական արտադրության «Поле-21» РЭБ համակարգերը։ Առաջին անգամ հանրությունը կտեսնի հնդկական սպառազինությունը՝ «РСЗО Pinaka», «ATAGS» քարշակվող հաուբիցներ, «MArG» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Akash» զենիթահրթիռային համակարգեր, հակատանկային համակարգեր։

Նախորդ ռազմական շքերթը մայրաքաղաքում անցկացվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին և նվիրված է եղել անկախության 25-ամյակին։